2011/09/21

Շնորհավոր անկախությանդ տարեդարձը, ի'մ Հայաստան:

Յոթ տարեկան էի, գրեթե հասակակից իմ հայրենիքի երրորդ հանրապետության հետ: Գրեթե... Այն սերնդից, ով գիտակցված կյանքի ամենաառաջին տարիներում էր: Հիշում եմ ինձ, այն ժամանակ դեռ Լենինի հրապարակում, պապիկիս ձեռքը բռնած երազում էինք ազատ պետության մասին ու հիշում եմ պապիկիս աչքերի փայլն ու ուրախությունը: Իրապես հայրենասեր և շինարար պապիկս մեզ համար երջանիկ, իրենց ապրած կյանքից ավելի լավ ապագա էր երազում: Քիչ էի հասկանում, բայց զգում էի, որ միանգամից ամեն ինչ շատ վատացավ: Պապիկս, որ այդքան երազում էր, սրտի կաթվածով տեղափոխվեց հիվանդանոց, ու ինձ համար անկախությունը հիվանդանոցի տխուր պատերով տպավորվեց: Ով կարդում է գրվածքի հենց այս մասը` հայերենով, նրանց համար ոչ մի նոր բան չեմ ասում, մի ողջ ժողովրդի ապրված դժվար տարիներ: Իսկ իմ մանկությունը դրվագներով պատկերվում է հիշողությանս էջերին.
  • անկախացումից դեռ մի տարի առաջ մոմ էի ստացել նվեր, այնքան գեղեցիկ ու հետաքրքիր դիզայն ուներ, նարնջագույն էր ու հաստ, գծավոր նախշեր ուներ վրան: Այն պահում էի, վառելու մասին չէի մտածում: Հիշատակ-նվեր էր: Սոլֆեջիոյի դասերը հիմնականում երեկոյան ժամերին էին սկսվում (դասացուցակը կազմելիս հովհարային անջատումներ դեռ չկային): Ու իմ հիշատակ մոմը վառվեց. այդ օրը ես թելադրություն չգրեցի և ստացա առաջին և միակ անբավարար գնահատականը: Նայում էի մոմիս ու երազում լույսի մասին:
  • իսկ դուք գիտեք, որ թեյի գույն կարելի է ստանալ շաքարավազը այրելով: Ես էլ չգիտեի. իմացա: 
  • տիկնիկներս, որոնք դեռ մնացել էին "սովետի տարիներից" վերջինն էին, բայց անհամար տիկնիկներ ունեի :Ճ թելից էի պատրաստում: Ու հենց այդ ժամանակ հասկացա, որ սեփական ձեռքերով պատրաստած իրերն ամենաթանկն են, չէ', անգին են... Ապրում էինք մեր ընդարձակ բնակարանի միայն մի սենյակում յոթ հոգով, խաղալու տեղ չկար: Մեր երկու հարկանի մահճակալի օգնությամբ պահարանի վերևում "խաղահրապարակ" էինք պատրաստել եղբորս հետ: Երանի հիմա էլ լիներ այդ տեղը...
  • պապիկիս հետ տանը վազքուղի էինք սարքել, որ չմրսենք, բայց ցրտահարությունից չկարողացավ պապիկս ինձ պաշտպանել ու հետքերը մինչև հիմա մնացել են:
  • ընթերցանության սենյակ էր մեր բնակարանը, աղոտ լույսի տակ էինք կարդում: Հենց այդ րոպեներն ինձ համար ամենալուսավորն էին:
  • ձմեռային խաղեր չգիտեմ, երբեք չեմ խաղացել... Ցուրտ էր...
  • ամբողջ ընտանիքով իմ ու եղբորս կրթությամբ էին զբաղվում. երաժշտական դպրոց, համերգներ, մարմնամարզության դպրոց, դասեր, գրքեր:
  • երեկո էր, հեռախոսը զանգեց: Պապայիս ընկերն էր, ԱՄՆ-ից էր զանգում: Հասցրել էր փախչել իր երկրից, չէ, գուցե երբեք էլ իրենը չէր համարել այս երկիրը, ուրեմն, հասցրել էր փախչեր իմ երկրից: Անկողնում պառկած երազում էի հրաշալի կյանքի մասին ու լսում էի պապայիս խոսակցությունը. հրավիրում էին աշխատանքի ԱՄՆ: Մի վայրկյանում ամեն ինչ ուղեղումս խառնվեց. բայց ես հրաշալի կյանքը Հայաստանում էի ուզում: Ու սկսեցի ավելի ուշադիր լսել հորս խոսքերին. "Չէ, աշխատանք չունեմ, ինչպես ենք ապրում, ինչպես բոլորը /նա երբեք չի տրտնջացել ու բողոքել/, շատ լավ պայմաններ ես առաջարկում, բայց ես չեմ կարող գալ առանց իմ ընտանիքի /ես մտածեցի, որ մեզ էլ կտանեն... չէի ուզում/, կներես, ուրիշ մասնագետ գտեք, ես չեմ ուզում գալ": Ահա այս վերջին խոսքերի համար շատ ավելի հպարտացա:
  • առաջին անգամ համակարգիչ տեսա հենց այդ տարիներին 1992թ.: Աշխատանքի համար ծրագրավորող հորեղբայրս էր բերել. գրեթե չէինք միացնում... հոսանք չկար: Բայց ԴՈՍ-ի տեսքը շատ մեծ տպավորություն է թողել:
  • պատերազմ էր... Մեծերի խոսակցություններից հիշում եմ, որ բոլորը բանակից փախչում էին: Հայրս աշխատանք չուներ, ինչպես բոլորը: Որպես ինժեներ դիմեց բանակում ծառայելու համար, կարծեմ չնչին աշխատավարձ էին տալիս: Չկանչեցին...
  •  առաջին անգամ ՏՈՅՈՏԱ մեքենայի մասին իմացա անկախության առաջին տարիներին, գործող մեքենա... Մամաս շատ լավ կարում-գործում էր: Անկախության առաջին ու ամենածանր տարիներին մեր ընտանիքը հենց դրա շնորհիվ կարողացավ գոյատևել: Այս պահին էլ շատ պարզ լսում եմ մեր գործող մեքենայի ձայնը և այն փոքրիկ, աղոտ լույս տվող հարմարանքը,  որ հայրս էր պատրաստել: Պատվիրատուները շատ էին, և մայրս, ժամանակին հասցնելու համար, գիշերով նույնպես աշխատում էր: Այդ ընթացքում ես շատ կարևոր հմտություններ սովորեցի:

  • Շուշիի ազատագրման օրն եմ հիշում: Մեր տանը տոն էր. հաղթել էինք: Լավ չէի հասկանում, բայց այդ լուրն իմանալու պահին Չարենց էի կարդում:
  • դպրոց գնալ շատ էի սիրում: Ձմռան երկար արձակուրդները չէի սիրում, վառարանով դասարաններն ավելի հաճելի էին, քան անգործությունը, բայց...


Ժամանակն անցավ... Ես ամենից շատ փոփոխություններն եմ սիրում` չնայած, որ անցումային շրջաններն ամենացավալին են լինում: Ու այսօր իմ հանրապետությունը նշում է իր անկախության 20-րդ տարեդարձը: Հանրապետության հրապարակում կանգնած այսօր նույնքան հուզված եմ, որքան, որ 20 տարի առաջ` պապիկիս հետ կանգնած ժամանակ:
Ինչքան էլ, որ զարմանալի է, բայց ես շատ ուրախ եմ, որ ունեցել ենք "վատ, ցուրտ ու մութ" տարիներ: Զգում եմ, որ դրա արդյունքում չափազանց կարևոր հմտություններ ու դիմանալու կարողություն եմ ձեռք բերել: Ամեն ինչ իր գինն ունի... Եվ շատ ավելի ուրախ եմ, որ մենք ունենք ազատ ու անկախ Հայաստան:
Այսօր մեր վաղեմի երազանքը 20 տարեկան է ու միայն մեզանից` ՀՀ քաղաքացիներից է կախված նրա ապագան ու երջանկությունը:

Ես սիրում եմ իմ Հայաստանը: 

Հ.Գ. Ի դեպ սեպտեմբերի 21-ը Խաղաղության միջազգային օրն է:

0 comments:

Post a Comment