2011/05/24

սիրահարված մի քաղաքի կամ տանիքների քաղաք՝ Ստոկհոլմ

in love with one city or the sity of roofs: Stockholm


Ամեն ինչ սկսվեց շատ սովորական մի հարցից. «Ինչ կցանկանայիք ավելացնել մեր ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու համար»: «Կցանկանայի այցելել Ստոկհոլմ»: Այդ պահին չէի կարող պատկերացնել, թե պատասխանս կարող է իրականություն դառնալ: Հրավերք, համաձայնություն և… ընդամենը 4 օր տևողությամբ գործուղում Ստոկհոլմ: Նախապատրաստական աշխատանքներն այնքան շատ էին, որ ժամանակ չմնաց զբոսանքի ծրագիր պատրաստել: Բայց կար մի մարդ, շատ լավ մարդ, հին ընկեր, ով հոգ տարավ իմ ազատ ժամանակի ու ճանաչողական մասի համար:
Շատ կարևոր փաստ. սա իմ առաջին ճանապարհորդությունն էր հանրապետությունից դուրս: Ու այնպես ստացվեց, որ օտար քաղաքներից առաջինը Ստոկհոլմը պիտի տեսնեի: Մի խորհուրդ. եթե առաջին անգամ եք ճամփորդում, գերադասելի է առաջինը Շվեդիա, հատկապես Ստոկհոլմ չգնալ: Դրանից հետո այլ վայրերով հիանալու հնարավորությունը կտրուկ նվազում է: Գոնե իմ դեպքում այդպես էր:
Ստոկհոլմի մասին զբոսաշրջիկների համար պատրաստված բավական շատ ու որակյալ ռեսուրսներ կան ու քաղաքի ֆիզիկական բովանդակության մասին երկար չեմ ցանկանա խոսել: Հակիրճ կպատմեմ այն վայրերի մասին, թե որտեղ եմ ես հասցրել լինել և թե որոնք դեռ պիտի այցելեմ :Ճ
Երևանից Ստոկհոլմ ուղիղ չվերթ չկար և ես ընտրեցի Չեխական ավիաուղիների առաջարկած տարբերակը՝ Պրահայով: Արլանդա միջազգային օդանավակայանից մինչև իմ հյուրանոց` Վիլլա Կալլհագեն կամ Շելլհագեն, հասանք մեքենայով, ու, քանի որ, հյուրանոցը գտնվում էր քաղաքի մյուս ծայրում /գրասենյակին մոտ/ առաջին ծանոթությունը քաղաքի հետ եղավ մեքենայի դիմապակուց:
Ստոկհոլմի քարտեզը. մուգ կարմիրով նշված է իմ զբոսանքի հետագիծը
Map of Stockholm. places I visited marked with dark red