2011/09/21

Շնորհավոր անկախությանդ տարեդարձը, ի'մ Հայաստան:

Յոթ տարեկան էի, գրեթե հասակակից իմ հայրենիքի երրորդ հանրապետության հետ: Գրեթե... Այն սերնդից, ով գիտակցված կյանքի ամենաառաջին տարիներում էր: Հիշում եմ ինձ, այն ժամանակ դեռ Լենինի հրապարակում, պապիկիս ձեռքը բռնած երազում էինք ազատ պետության մասին ու հիշում եմ պապիկիս աչքերի փայլն ու ուրախությունը: Իրապես հայրենասեր և շինարար պապիկս մեզ համար երջանիկ, իրենց ապրած կյանքից ավելի լավ ապագա էր երազում: Քիչ էի հասկանում, բայց զգում էի, որ միանգամից ամեն ինչ շատ վատացավ: Պապիկս, որ այդքան երազում էր, սրտի կաթվածով տեղափոխվեց հիվանդանոց, ու ինձ համար անկախությունը հիվանդանոցի տխուր պատերով տպավորվեց: Ով կարդում է գրվածքի հենց այս մասը` հայերենով, նրանց համար ոչ մի նոր բան չեմ ասում, մի ողջ ժողովրդի ապրված դժվար տարիներ: Իսկ իմ մանկությունը դրվագներով պատկերվում է հիշողությանս էջերին.
  • անկախացումից դեռ մի տարի առաջ մոմ էի ստացել նվեր, այնքան գեղեցիկ ու հետաքրքիր դիզայն ուներ, նարնջագույն էր ու հաստ, գծավոր նախշեր ուներ վրան: Այն պահում էի, վառելու մասին չէի մտածում: Հիշատակ-նվեր էր: Սոլֆեջիոյի դասերը հիմնականում երեկոյան ժամերին էին սկսվում (դասացուցակը կազմելիս հովհարային անջատումներ դեռ չկային): Ու իմ հիշատակ մոմը վառվեց. այդ օրը ես թելադրություն չգրեցի և ստացա առաջին և միակ անբավարար գնահատականը: Նայում էի մոմիս ու երազում լույսի մասին:
  • իսկ դուք գիտեք, որ թեյի գույն կարելի է ստանալ շաքարավազը այրելով: Ես էլ չգիտեի. իմացա: 
  • տիկնիկներս, որոնք դեռ մնացել էին "սովետի տարիներից" վերջինն էին, բայց անհամար տիկնիկներ ունեի :Ճ թելից էի պատրաստում: Ու հենց այդ ժամանակ հասկացա, որ սեփական ձեռքերով պատրաստած իրերն ամենաթանկն են, չէ', անգին են... Ապրում էինք մեր ընդարձակ բնակարանի միայն մի սենյակում յոթ հոգով, խաղալու տեղ չկար: Մեր երկու հարկանի մահճակալի օգնությամբ պահարանի վերևում "խաղահրապարակ" էինք պատրաստել եղբորս հետ: Երանի հիմա էլ լիներ այդ տեղը...