2011/05/24

սիրահարված մի քաղաքի կամ տանիքների քաղաք՝ Ստոկհոլմ

in love with one city or the sity of roofs: Stockholm


Ամեն ինչ սկսվեց շատ սովորական մի հարցից. «Ինչ կցանկանայիք ավելացնել մեր ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու համար»: «Կցանկանայի այցելել Ստոկհոլմ»: Այդ պահին չէի կարող պատկերացնել, թե պատասխանս կարող է իրականություն դառնալ: Հրավերք, համաձայնություն և… ընդամենը 4 օր տևողությամբ գործուղում Ստոկհոլմ: Նախապատրաստական աշխատանքներն այնքան շատ էին, որ ժամանակ չմնաց զբոսանքի ծրագիր պատրաստել: Բայց կար մի մարդ, շատ լավ մարդ, հին ընկեր, ով հոգ տարավ իմ ազատ ժամանակի ու ճանաչողական մասի համար:
Շատ կարևոր փաստ. սա իմ առաջին ճանապարհորդությունն էր հանրապետությունից դուրս: Ու այնպես ստացվեց, որ օտար քաղաքներից առաջինը Ստոկհոլմը պիտի տեսնեի: Մի խորհուրդ. եթե առաջին անգամ եք ճամփորդում, գերադասելի է առաջինը Շվեդիա, հատկապես Ստոկհոլմ չգնալ: Դրանից հետո այլ վայրերով հիանալու հնարավորությունը կտրուկ նվազում է: Գոնե իմ դեպքում այդպես էր:
Ստոկհոլմի մասին զբոսաշրջիկների համար պատրաստված բավական շատ ու որակյալ ռեսուրսներ կան ու քաղաքի ֆիզիկական բովանդակության մասին երկար չեմ ցանկանա խոսել: Հակիրճ կպատմեմ այն վայրերի մասին, թե որտեղ եմ ես հասցրել լինել և թե որոնք դեռ պիտի այցելեմ :Ճ
Երևանից Ստոկհոլմ ուղիղ չվերթ չկար և ես ընտրեցի Չեխական ավիաուղիների առաջարկած տարբերակը՝ Պրահայով: Արլանդա միջազգային օդանավակայանից մինչև իմ հյուրանոց` Վիլլա Կալլհագեն կամ Շելլհագեն, հասանք մեքենայով, ու, քանի որ, հյուրանոցը գտնվում էր քաղաքի մյուս ծայրում /գրասենյակին մոտ/ առաջին ծանոթությունը քաղաքի հետ եղավ մեքենայի դիմապակուց:
Ստոկհոլմի քարտեզը. մուգ կարմիրով նշված է իմ զբոսանքի հետագիծը
Map of Stockholm. places I visited marked with dark red

Առաջին տպավորություն. գեղեցիկ, կոկիկ, հավաքված, կարգ ու կանոնով, գունավոր` գերակշռաբար` կանաչ /գարուն էր/, տրամվայներով /կարոտած/, շինարարական տեխնիկաներով: Պարզվեց, որ Ստոկհոլմում  նույնպես սիրում են շինարարություն անել, ինչպես մեր քաղաքում,  նաև այդ աշխատանքները արհեստականորեն երկարացնել։Ճ Միակ տարբերությունը մաքրությունն է, որ տիրում էր շինարարական հրապարակի շուրջը:
Հյուրանոցը շատ հարմար էր ու փոքրիկ: Գտնվում էր անմիջապես ավտոբուսի կանգառի մոտ, բայց ես քաղաքային ոչ մի տրանսպորտից չեմ օգտվել (այստեղ կրկին՝ շատ լավ ընկեր ջան, շնորհակալ եմ): Աշխատավայր հասնում էի ոտքով` անցնելով պարտեզներով:
Ճամպրուկս դեռ չտեղավորած և հյուրանոցը, ինչպես հարկն է,չուսումնասիրած ։Ճ, սկսեցի ծանոթանալ շրջակա միջավայրի և, որն ամենակարևորն է, դեպի աշխատավայր տանող ճանապարհի հետ։
Տեսարան Լադուգարդսգարդետ․ Թագավորական Ջուրգարդեն զբոսայգի (Ladugårdsgärdet։ Royal Djurgården park). հեռվում Վիլլա Կալլհագեն (Villa Källhagen hotel) հյուրանոցը

Փարոս
Lighthouse
Իմ հյուրանոցի անմիջապես կողքն էր գտնվում Նավատորմի պատմության թանգարանը (Sjöhistoriska museet)
There is Sjöhistoriska museet (Maritime museum) near my hotel 

Նորդիսկա թանգարանը Վիլլա Կալլհագեն հյուրանոցի ափից
View of Nordiska museet from Villa Källhagen hotel

Իմ ճանապարհն անցնում էր զբոսայգու միջով
My way to the office laid through park
Նույն խատուտիկները, ինչ մեր Երևանում
Dandelions are the same as in my Yerevan
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ն իր աշխատակիցների և թողարկողների համար կազմակերպել էր վազքի մրցույթ
NASDAQ OMX organized running race for employees and issuers 
Տուլվակտցվագեն փողոցը 
Tullvaktsvägen street

Իմ հարմարավետ սենյակը գտնվում էր հյուրանոցի երկրորդ հարկում։ 
Իմ սենյակը 12-ն էր
My room was N12 




Քաղաքի հարավ-արևելյան ծայրամասի հետ ինչ-որ չափով ծանոթանալուց հետո ուղևորվեցինք քաղաքի կենտրոն:

            Աշտարակ «Բյուրեղ» 
             Kristalvertikalaccent

Ստոկհոլմի կենտրոնական հրապարակը կրում է  շվեդ ճարտարապետ,  նկարիչ
            և քանդակագործ Յոհան Սերգելի անունը։ Սերգելստորգի  կենտրոնում       Էդվին Էրսթրյոմի կառուցած 37,5 մետր բարձրություն ունեցող ապակեպատ աշտարակը՝ շրջապատված գեղեցիկ շատրվաններով։

Սրգելստորգից բոլոր չորս ուղղություններով տարածվում են հիմնական փողոցները։ Դրանցից մեկի՝ հյուսիս ձգվող փողոցի վրա են գտնվում 5 բարձրահարկ, ժամանակակից ոճով կառուցված շենքերը կամ Հոտորգետ կառույցները (Hötorgskraporna): Իմ կարծիքով այս շենքերը չեն ինտեգրվում քաղաքի նուրբ-ռոմանտիկ տրամադրության մեջ: Չսիրեցի: Շենքերի կողքին է գտնվում Հոտորգետ (Hötorget) հրապարակը, որտեղ բացի կիրակի օրերից գործում է բանջարեղենների և մրգերի շուկա, իսկ կիրակի օրերին՝ այլ ապրանքների տոնավաճառ։ Ահա հենց այս շուկայից էլ ելակ գնեցինք. այդքան քաղցր, համեղ ու գեղեցիկ ելակ ես Հայաստանում չէի հանդիպել: Զարմանալի էր, թե ինչպես էր հասցրել շվեդական թույլ արևը քաղցրացնել այդ ելակները:

Հոտորգետ հրապարակի արևելյան մասում է տեղակայված Ստոկհոլմի համերգասրահը (Stockholms konserthus)։
Դեռ 3-4 ժամ էինք զբոսնել քաղաքով, երբ հետաքրքիր զգացողություն ունեցա. ես ինձ բացարձակապես օտար չէի զգում: Կարծես Հայաստանում էի զբոսնում ու ամենն ինձ հարազատ էր: Կարծում էի ընկերոջս ներկայությունից, որ Հայաստանի շունչն էի զգում, բայց հետո հասկացա. պատճառը դա չէր ու, որ ավելի հետաքրիր է, չհասկացա, թե այդքան հարազատություն զգալու բուն պատճառը որն էր:․․․


Կառլսոնին ես միշտ շատ եմ սիրել իր ազատության համար: Ու հենց առաջին զբոսանքի ժամանակ հասկացա, որ հնարավոր չէր Կառլսոնի կերպար չլիներ, հնարավոր չէր չգրել այդպիսի ստեղծագործություն՝ ապրելով Ստոկհոլմում: Ստոկհոլմն ինձ համար տանիքների քաղաք է. մեկը մյուսին չկրկնող տանիքներն այնքան գեղեցիկ էին ու յուրօրինակ, որ հնարավոր չէ բառերով բացատրել: Ես սիրահարվեցի տանիքներին:
Արդեն չեմ հիշում, թե որտեղ ճաշեցինք, բայց հիշում եմ, որ շատ քաղցած էի ու ամեն ինչ չափազանց համեղ էր (բայց իրոք համեղ էր` անկախ քաղցածության աստիճանից):

Ուղևորվեցինք դեպի քաղաքապետարանի շենք (Stadshuset)։  Այն հանդիսանում է Ստոկհոլմի ամենահայտնի սիմվոլը։
 
Աշխատանքային օրվա ավարտին հասանք, ահա աշխատակիցները հրաժեշտ են տալիս իրար:

Մեր բախտը բերեց, քանի որ այդ օրվա վերջին խումբը պիտի բարձրանար քաղաքապետարանի շենքի աշտարակի վրա: Հասցրեցինք: Հիշե՛ք, երբ գնաք քաղաքապետարան այցելության անպայման հայկական դրամ ունեցեք ձեզ հետ (ես չունեի): Աշտարակի առաջին հարկում դրամների պատ է պատրաստված, որտեղ ցուցադրված են աշխարհի բոլոր դրամանմուշները: Հայկական դրամինն այդ ժամանակ չկար (hիմա չգիտեմ):
Աշտարակը հետաքրքիր աստիճանավանդակ ուներ, որ տանում էր դեպի դիտակետ, որտեղից երևում էր ողջ քաղաքը:
Հանգստություն ու ապահովության զգացում կար: Խաղաղ էր: Կուզեի ավելի շատ ազատ  ժամանակ ունենայի. կնստեի քաղաքապետարանին հարակից փոքրիկ պուրակի նստարաններին ու կերազեի: Ափսոս, չհաջողվեց ևս մեկ անգամ վերադառնալ այդ հրաշք պուրակ: Մյուս այցելության ժամանակ անպայման մի քանի ժամ նվիրելու եմ երազելուն :Ճ

Քաղաքապետարանի աշտարակի գագաթից բացվում էր անբացատրելի գեղեցկության մի տեսարան՝ քաղաքն իր ողջ հոգեհմա կերպարանքով ու եթերային հանդարտությամբ։
Տեսարան քաղաքապետարանի աշտարակից. Ստանդոլմեն և Հելջեանդսհոլմեն կղզյակները (Հին Քաղաքը տեղակայված է երեք կղզյակների վրա․ Ստանդոլմեն, Հելջեանդսհոլմեն և Րիդարհոլմեն)։ Նկարում Շվեդական ազնվատոհմիկների տունը (կամրջի ավարտ), Սթորմբորգ դղյակ (կամրջի միջնամաս), Կառավարության շենքը (հետևում՝ կիսաշրջանաձև), Թագավորական պալատը (աջից՝ հետևում) և Մեծ Եկեղեցին (պալատի դիմաց)
 View on the Swedish House of Nobility, the Riksdag building, the Strömsborg castle, the Stockholm Palace and the Great Church, from the top of the main tower of the Stockholm City Hall

Րիդարհոլմեն (Riddarholmen) կղզյակը Հին Քաղաքում (Gamla Stan): Կղզու վրա է գտնվում նույնանուն եկեղեցին։

Ստոկհոլմի Վոթերֆրոնթ Stockholm Waterfront


Թագավորական պալատ՝ կառուցված բարոկո ճարտարապետական ոճով: Մայրամուտի արևի հետաքրքիր լուսավորության ներքո, ինչքան էլ, որ համեստ էր, միևնույն ժամանակ ռոմանտիկ գեղեցկություն կար:
Շենքերի, շինությունների մասին կարող եք պատկերացում կազմել նկարներից, իսկ զգացողություններս այսպիսին էին. միշտ լսել եմ, որ սկանդինավյան ժողովուրդները սառն են, անհրապույր, ոչ այդքան գեղեցիկ: Իմ բոլոր նախնական պատկերացումները բացարձակապես չէին համընկնում այն տեսարանի հետ, որ տեսնում էի: Մարդիկ գեղեցիկ էին, նույնիսկ շատ, չափազանց ճաշակով հագնված: Ամենօրյա ազատ ոճը շատ հաճելի էր:
Քաղաքի հին մասում՝ Գամլա Ստան, հարմարավետ սրճարաններ և ռեստորաններ կային: Մեր գնացած սրճարանի անունը չեմ հիշում, բայց շատ կարևոր մի բան եմ հիշում: Սեղաններին, որպես դեկորացիայի մաս, դրված էին նավթով վառվող լամպեր… Ինձ ծանր հիշողություններ այցելեցին, այդ պատճառով էլ չեմ նկարել… Ի դեպ շատ վայրեր կան, որ չեմ նկարել, հազվադեպ է այդպես պատահում, երբ այնքան հիացած եմ տեսարանով, որ նկարելու ցանկությունը անհետանում է և միայն հիշողությունս է պահում այդ պատկերները:
Հին Քաղաքում են գտնվում Թագավորական պալատը, Ազգային ժողովի շենքը, Գերմանական և Մեծ եկեղեցիները։
Գամլա Ստան
Ազգային ժողովի շենքը

Տեսարան Թագավորական պալատից

Ծառուղի Ազգային ժողովի շենքի դիմաց

Առյուծի արձան պալատի մուտքի մոտ

Վերադառնանք մարդկանց: Հանգստություն կար նրանց ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աշխարհում: Բնական է, այդ ամենը կապված է սոցիալական վիճակի հետ: Դեռ, իհարկե, հնարավորություն չէի ունեցել շփվել շվեդ մարդկանց հետ, բայց առաջին տպավորությունը չափազանց լավն էր:
Առաջին օրվա զբոսանքը հագեցած էր, քանի որ հաջորդ 3 օրերը հիմնականում պետք է գրասենյակում լինեի և քաղաքի հետ ծանոթանալու ժամանակ շատ քիչ էր մնալու:
Մյուս օրը ես հանդիպեցի իմ գործընկերներին: Մեր կազմակերպության գրասենյակը այնքան մեծ էր, լուսավոր ու անսովոր: Իսկ ինձ հրավիրող անձնավորությունը պարզապես հրաշք էր: Ու համոզվեցի, որ առաջին օրվա ունեցածս տպավորությունը շվեդ ժողովրդի մասին, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէր: Նրանք շատ ավելի լավն էին, քան կարող էի կարծել: Ուշադիր էին, պատրաստակամ օգնելու, հետաքրքրվում էին, հոգ էին տանում: Չափազանց քաղաքավարի, կիրթ: Անպայման պետք է գոնե մեկ անգամ ևս այցելել ավելի երկար ժամանակով և ստուգել առաջին տպավորությունը:
Այդ հրաշք քաղաքում գտնվելուս ժամանակահատվածը համընկավ Թանգարանների միջազգային օրվա հետ, ինչի կապակցությամբ թանգարաններն աշխատում էին երկարացված օրով և մուտքի հատուկ պայմաններով: Այդպիսով, ինձ հաջողվեց այցելել 2 թանգարան՝ Նորդիսկա և Վասա թանգարանները: Վասա նավի թանգարանն ամենատպավորիչն էր:
Վասա նավը
Նորդիսկան երևում էր հյուրանոցի իմ պատուհանից և ռեստորանից: Առավոտյան այնքան հաճելի էր նախաճաշել և հիանալ ահա այս տեսարանով:
Իսկ ներսից ահա այսպիսինն է: Ընդարձակ էր: Ինձ գրավեց տիկնիկների տնակների ցուցադրությունը, շվեդական հագուստների 300 տարվա պատմության և տան ինտերիերի ցուցադրությունները:





Այժմ այն կարևոր վայրերի մասին, ուր չեմ հասցրել լինել ու որտեղ անպայման պետք է այցելեմ, ինչպես նաև այն կարևոր բացթողումները, որոնք պետք է լրացնել.
• Օդապարիկով շրջայց
• Զբոսանավով շրջայց
• Կինոթատրոն
• Ժամանակակից արվեստի և Լուսանկարչության թանգարաններ
• Թագավորական պալատի ցուցասրահներ
Որպես վերջաբան-ամփոփում.
       քաղաքի
                      գույնը - կապտականաչավուն
                      հոտը - սառը հատապտուղների խառնուրդ
                      ձայնը - հեծանիվների անիվների ու շղթաների
                      համը - քաղցր
Բնորոշում՝ այս քաղաքը հրաշալի վայր է միայնակ մարդու համար... 
      

0 comments:

Post a Comment